Ես վարկի երաշխավոր եմ, վարկը ժամկետանց է

Հաճախ  են դեպքերը, երբ վարկի երաշխավորը, վարկառոի կողմից վարկը չմարելու հետևանքով, հայտնվում է անելանելի վիճակում և ստիպված է  լինում ինքը մարել վարկը կամ  պատասխանատվություն կրել  իր ողջ գույքով ու դրամական միջոցներով:

Այնուամենայնիվ, նման վիճակում հայտնվելու դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է կապ հաստատել վարկառոի հետ, պարզել  վարկի չմարման պատճառնները, ժամկետանց պարտքի չափը և վարկի գծով վճարումներ վերսկսելու հավանականությունը:

Անհրաժեշտ է նաև այցելել վարկատու կազմակերպություն, ստանալ Ձեր երաշխավորված վարկի գծով կատարված վճարումների պատմությունը, կնքված վարկային  և երաշխավորության պայմանագրերի օրինակները (եթե դրանք Ձեզ մոտ առկա չեն), ճշտել պարտքի չափը և պարզել, թե ինչ փուլում է գտնվում տվյալ վարկային գործը (կա վճարումները վերսկսելու պայմանավորվածություն, գործը գտնվում է  դատական, հարկադիր կատարման փուլում և այլն):

Նպատակահարմար է նաև վարկառուի հետ միասին այցելել վարկատու կազմակերպություն և մասնակցել վարկի հետագա սպասարկման հետ կապված բանակցություններին, եթե ձեռք է բերվում պայմանավորվածություն, ցանկալի է, որ երաշխավորը վերահսկի վարկառուի կողմից հետագա վճարումների կատարման պատշաճությունը:

Հիշեք՝ բանկը կամ վարկային կազմակերպությունը իրավունք ունեն վարկի պարտքի գանձման պահանջ ներկայացնել թե վարկառուին, թե ուղղակիորեն՝ Ձեզ, ուստի մի խուսափեք վարկատու կազմակերպության հետ շփումներից, փորձեք վարկառուի վրա ազդեցության Ձեր միջոցներով պարտավորեցնել վարկառուին ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ ժամկետանց պարտքը մարելու և վարկի հետագա սպասարկումը պատշաճ կերպով իրականացնելու ուղղությամբ:

Հիշեք՝ եթե վարկառուն այնուամենայնիվ չի կատարում իր պարտավորությունները և դրանք կատարում է երաշխավորը, ապա Դուք ունեք վարկառուից հետադարձ պահանջի իրավունք (վարկառուի փոխարեն վճարված գումարը կարող եք հետ պահանջել վարկառուից):

Թարմացված է` 14.12.2018 14:15