Սպառողական վարկերի վերաբերյալ վարկատուները հրապարակում են երկու տոկոսադրույք` «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք»
Երբ դուք վերցնում եք վարկ, ապա պարտավորվում եք վերադարձնել այն, ինչպես նաև վճարել դրա դիմաց որոշակի տոկոսագումար, որը հայտնի է նաև տոկոսներ անվամբ:
Տարեկան անվանական տոկոսադրույքը ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են այդ տոկոսավճարների մեծությունը:
Անվանական տոկոսադրույքը որպես կանոն ֆիքսված է լինում, սակայն երբեմն ձեզ կարող են առաջարկվել նաև «լողացող» կամ փոփոխական տոկոսադրույք: Դա նշանակում է, որ տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ իջնել կախված որևէ գործոնից, օրինակ` ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային դրույքից:
Սակայն բացի տոկոսագումարներից վարկ ստանալու համար հնարավոր է հարկ լինի կատարել նաև այլ ծախսեր:
Օրինակ` վարկ տրամադրելու և վարկը սպասարկելու համար միջնորդավճարները, գրավադրվող գույքի գնահատման ծախսերը ապահովագրական ծախսերը և այլն:
Այլ ծախսերը մեծացնում են վարկի իրական արժեքը:
Սակայն, համաձայն ՀՀ օրենսդրության, կան որոշ ծախսեր, որոնք չեն ընդգրկվում Տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ: Ուստի ուշադիր եղեք և ճշտեք վարկատու կազմակերպություն արդյո՞ք կան այդպիսի ծախսեր և որո՞ նք են դրանք:
Կարևոր է նաև տոկոսավճարների կատարման հաճախականությունը. այն է, թե վարկի դիմաց տոկոսավճարները կատարվում են վարկի ստացման պահին, ամսական կտրվածքով, վարկի վերջում, թե այլ պարբերականությամբ:
Օրինակ, եթե դուք տոկոսագումարը չվճարեիք վարկի սկզբին, այլ ներդնեիք այն բանկում, ապա կստանայիք որոշակի եկամուտ:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույք է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը, հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկման մեջ ներառվեն նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր տոկոսավճարների կատարման հաճախականությունը:
Ընդհանուր առմամբ տարեկան փաստացի տոկոսադրույքը ավելի բարձր է լինում, քան տարեկան անվանական տոկոսադրույքը:
