Ինչպես համեմատել տարբեր վարկատուների կողմից առաջարկվող վարկերի պայմանները

Ինչպես համեմատել տարբեր վարկատուների կողմից առաջարկվող վարկերի պայմանները

Բանկերն ու վարկային կազմակերպությունները, առաջարկելով տարբեր վարկատեսակներ, յուրովի են ներկայացնում դրանց պայմաններն ու պահանջները, որը շատ դեպքերում բարդացնում է հաճախորդի կողմից իր պահանջված վարկի ընտրությունը:

Ուստի՝
Նախ անհրաժեշտ է պարզել Ձեր համապատասխանությունը ակնկալվող վարկատեսակի նկատմամբ տարբեր վարկատուների կողմից ներկայացվող պահանջներին:

Օրինակ, հաճախորդի վարկային պատմության, եկամուտների ու դրանց չափի,  ապահովման միջոցների (գրավ, երաշխավորություն), տարիքի և այլ չափանիշների նկատմամբ այս կամ այն վարկատեսակի շրջանակներում ներկայացվում են տարբեր պահանջներ, որոնց բավարարելու դեպքում է միայն հնարավոր հավակնել տվյալ վարկատեսակի շրջանակներում վարկի:

Կախված վարկատեսակի վերը նշված պահանջներից, ինչպես նաև ակնկալվող վարկի նպատակից (սպառողական, առևտրային, գյուղատնտեսական և այլն) վարկերի պայմանները (տոկոսադրույք, մարման ժամկետ, ծառայության վճարներ և այլն) խիստ տարբերվում են միմյանցից, ուստի անհրաժեշտ է միմյանց հետ համեմատել միայն նույնանման վարկատեսակների պայմանները:

Օրինակ,

A բանկը տրամադրում է ոսկու գրավով վարկեր`
— ոսկու գնահատված արժեքի  95%-ի չափով`   18%-ով,
— ոսկու գնահատված արժեքի 120%-ի չափով՝  20%-ով,

B վարկային կազմակերպությունը, այլ հավասար պայմաններում, տրամադրում է ոսկու գրավով վարկեր`
— ոսկու գնահատված արժեքի 100-120%-ի դեպքում՝ 19%-ով:

Այս դեպքում անհրաժեշտ է համեմատել նույնանման վարկատեսակի տոկոսադրույքները (ոսկու գնահատված արժեքի 120%-ի դեպքը) և ոսկու գնահատված արժեքից բարձր վարկի հավակնելու դեպքում այցելել B վարկային կազմակերպություն, քանի որ նույնանման վարկատեսակը B վարկային կազմակերպությունը տրամադրում է ավելի ցածր տոկոսադրույքով:

Տրամադրվող վարկի արժույթը նույնպես էական է, քանի որ որպես կանոն արտարժույթով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը ավելի ցածր է, և հետևաբար, ավելի գայթակղիչ, սակայն անհրաժեշտ է հիշել, որ արտարժույթով տրամադրվող վարկերի արժութային  ռիսկը կրում է հաճախորդը, իսկ երկարատև վարկերի (օրինակ՝ հիփոթեքային) դեպքում արտարժույթի տատանումները կարող են բերել վարկային բեռի (ՀՀ դրամով արտահայտված) էական ավելացմանը (թե վարկի մնացորդի, թե ամսական վճարումների):

Օրինակ,
A բանկը տրամադրում է հիփոթեքային վարկ`
— ԱՄՆ դոլարով՝ 11%-ով,
— ՀՀ դրամով՝      14%-ով,

B վարկային կազմակերպությունը, այլ հավասար պայմաններում, տրամադրում է հիփոթեքային վարկ`
— ՀՀ դրամով` 13%-ով:

Այս դեպքում նախընտրելի է, որ ՀՀ դրամով եկամուտներ ունեցող հաճախորդը այցելի B վարկային կազմակերպություն:

Վարկերի պայմաններում առկա են պայմաններ, օրինակ՝ ծառայության միանվագ և ամսական վճարներ, տույժեր, այդ թվում՝ վարկի ժամկետից շուտ մարման համար,  որոնց հաճախորդը վարկի պայմանները համեմատելիս մեծ ուշադրություն չի դարձնում, սակայն իրականում դրանք կարող են էականորեն ավելացնել հաճախորդի ամսական վճարումների չափը և փաստացի տոկոսադրույքը:

Պետք է նաև հաշվի առնել, որ եթե վարկի պայմաններում առկա է ծառայության ամսական վճար, ապա այդ վճարի ամսական գումարը, որպես կանոն, սահմանվում է որպես հաստատուն թիվ և ի տարբերություն տոկոսագումարի, չի նվազում վարկի մնացորդի մարման հետ համաչափ:

Օրինակ,

A բանկը տրամադրում է առանց գրավի վարկ՝ տարեկան 20% տոկոսադրույքով և ամսական ծառայության վճարով՝ տրված վարկի գումարի 0,5%-ի չափով

B վարկային կազմակերպությունը տրամադրում է առանց գրավի վարկ, այլ հավասար պայմաններում, տարեկան 23% տոկոսադրույքով:

Այս դեպքում նախընտրելի է այցելել B վարկային կազմակերպություն, քանի որ տվյալ վարկի փաստացի տոկոսադրույքը ավելի ցածր է:

Թարմացված է` 14.12.2018 14:17