Ինչպես հաշվարկել վարկի տոկոսագումարները

Վարկատու կազմակերպությունները վարկի օգտագործման համար հասանելիք տոկոսագումարները հաշվարկում են օրական կտրվածքով: Տոկոսագումարները, որպես կանոն, հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի վրա, հիմք ընդունելով տարվա օրացույցային օրերի քանակը:

Դիտարկենք հաշվարկը օրինակի վրա.

Դիցուկ, տրամադրվել է 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ, 18% տարեկան անվանական տոկոսադրույքով: Տվյալ վարկի օրական տոկոսագումարը կկազմի՝

2.000.000 × 18% / 365 = 986,3 դրամ

Եթե վարկառուն կատարել է վարկի մայր գումարի հետվճարում՝ 200.000 ՀՀ դրամի չափով, ապա այդ օրվանից վարկի օրական տոկոսագումարը կկազմի՝

(2.000.000-200.000) × 18% / 365 = 887,7 դրամ

Հաշվարկելով վարկի նկատմամբ մեկ օրվա համար հասանելիք տոկոսագումարը, կարող ենք հաշվարկել տվյալ ամսվա համար հասանելիք տոկոսագումարը` օրվա հասանելիք տոկոսագումարը բազմապատկելով տվյալ ամսվա օրացուցային օրերի քանակով:

Հիշեք` Վարկի մարման ժամանակացույցը  կազմվում է ելնելով այն ենթադրությունից, որ վարկի մայր գումարի հետ վճարումները տեղի են ունենալու ժամանակացույցով նշված օրերին և չափով, ուստի վարկի մայր գումարի հետվճարման խախտումը (վաղաժամկետ կամ ժամկետից ուշ վճարումը) կխախտի նաև ժամանակացույցով նշված տոկոսագումարների մեծությունները:

Թարմացված է` 14.12.2018 14:16