Ինչ է սպառողական վարկը, սպառողական կրեդիտը

Սպառողական վարկերը դրանք վարկատու կազմակերպությունների (վարկային կազմակերպություն, բանկ, գրավատուն) կողմից քաղաքացիներին (ֆիզիկական անձանց) տրամադրվող, ձեռնարկատիրական (բիզնես) գործունեության հետ չկապված, բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման նպատակով վարկերն են: 

Ընդունված է համարել, որ սպառողական վարկերը դրանք առանց գրավի վարկերն են, սակայն ինչպես երևում է վերը բերված սահմանումից, սպառողական վարկերի շարքին են դասվում թե գրավով (անշարժ գույք, ավտոմեքենա, ոսկի, ապառիկ և այլն) ապահովված, թե գրավային ապահովում չունեցող վարկատեսակները:

Կարևոր է նաև պատկերացնել, որ սպառողական վարկը նախատեսված չէ բիզնես նպատակներով օգտագործելու համար, իսկ սպառողական վարկի նպատակը խախտելու դեպքում վարկատու կազմակերպությունները կարող են պահանջել ժամկետից շուտ վերադարձնել վարկի գումարն ամբողջությամբ կամ կիրառել տուժային սանկցիաներ կամ վարկի այլ անբարենպաստ պայմաններ սահմանել:

Սպառողական վարկերը կարող են տրամադրվել միայն ՀՀ դրամով:

Սպառողական վարկերի մի մասի նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում են հստակ պայմաններ և պահանջներ, որոնք կապված են այդ վարկերի տրամադրման, սպասարկման և մարման, տեղեկությունների տրամադրման, կողմերի հաղորդակցման և հաճախորդների շահերի պաշտպանության տեսանկյունից այլ պայմանների հետ: 

Այս տեսակի սպառողական վարկերը անվանում են «սպառողական կրեդիտ»-ներ, դրանց նկատմամբ պահանջներն ու պայմանները սահմանվում են, մասնավորապես «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով: Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումներով, սպառողական կրեդիտներ են համարվում մինչև 15,0 մլն. դրամ գումարով սպառողական վարկերը:

Սպառողական կրեդիտների նկատմամբ օրենսդրական կարգավորումները տարածվում են նաև մինչև 5,0 մլն. դրամ կամ համարժեք արտարժույթով արտահայտված գյուղատնտեսական նշանակության վարկերի, ինչպես նաև մինչև 5,0 մլն. դրամ կամ համարժեք արտարժույթով արտահայտված գերփոքր առևտրային ընկերություններին և  անհատ ձեռներեցներին տրված վարկերի վրա:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով օրենսդրորեն ամրագրվում են սպառողական կրեդիտավորման ընթացքում վարկատու կազմակերպությունների հստակ պարտավորությունները, որի դեպքում հաճախորդների շահերը առավել պաշտպանված են դառնում: 

Մասնավորապես, սպառողական կրեդիտ ստացած /կրեդիտավորման պայմանագիր կնքած/ քաղաքացին՝

  • Առանց որևէ պատճառաբանության կարող է  միակողմանիորեն լուծել կրեդիտավորման պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (մտածելու ժամանակ),
  • Առանց որևէ տույժերի, տուգանքների ժամկետից շուտ կատարել (մարել) իր վարկային պարտավորությունները, որի դեպքում նաև համամասնորեն նվազեցվում է վարկառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսը,
  • մինչև վարկային պայմանագի կնքումը, ծանոթանալ ,,Վարկի էական պայմանների անհատական թերթիկ,,-ին, որտեղ ներկայացվում են վարկի պայմանները և այլ կարևոր տեղեկությունները: Ծանոթանալով անհատական թերթիկում նշված տեղեկություններին, տալ իր համաձայնությունը՝ ստորագրելով անհատական թերթիկը կամ չստորագրել թերթիկը, դրանով իսկ հրաժարվելով վարկային պայմանագրի կնքումից,  
  • ընտրել կրեդիտավորման պայմանագրի շրջանակներում իր հետ հաղորդակցման եղանակը՝ էլեկտրոնային եղանակ, փոստով, առձեռն և այլն:

Հաճախորդի հետ կնքվող կրեդիտավորման պայմանագրում վարկատու կազմակերպությունը պարտավոր է հստակ և մատչելի կերպով ներառել և բացահայտել վարկի պայմանների հետ կապված մի շարք տեղեկություններ, այդ թվում՝ նշել վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը, դրա հաշվարկման և փոփոխման կարգը:

Թարմացված է` 25.01.2024 16:24