Հաճախ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից առաջարկվող տարբեր վարկատեսակներից (մասնավորապես` առանց գրավի վարկերից) օգտվելու հաճախորդի ՍՔՈՐ գնահատականը պետք է բավարարի սահմանված նվազագույն գնահատականին:
ՍՔՈՐ-ը դա սքորինգային համակարգ է, որը վիճակագրական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով հաճախորդի վարկային պատմությունը` տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը:
Հայաստանյան բանկերն ու վարկային կազմակերպությունները հիմնականում օգտվում են ԱՔՌԱ Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող Ֆայկո ՍՔՈՐ գնահատականից, որոշ բանկեր ու վարկային կազմակերպություններ էլ ներառում են նաև իրենց կողմից սահմանված այլ պահանջներ:
Հաճախորդի Ֆայկո ՍՔՈՐ գնահատականը կախված է մի շարք գործոններից, այդ թվում` ստացված վարկերի (նաև տրամադրված երաշխավորությունների) քանակն ու գումարը, վճարումների (մարումների) պատմությունը, ստացված վարկերի տեսակները, ներկայացված նոր վարկային դիմումների քանակը:
Հաճախորդի Ֆայկո ՍՔՈՐ գնահատականի նվազագույն մեծությունը 300 է, առավելագույնը` 850-ը:
ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն, մասնավորապես, կարող է`
ա/լիովին մարել կամ առնվազն նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը, գումարը, հետագայում բացառելով ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով, պարտավորությունների գոյացումը,
բ/նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը, ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների լիովին մարումը,
գ/նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին:
