Համապարտ կամ սուբսիդիար երաշխավորություն

2022թ-ից ուժի մեջ մտան ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան կարգավորումներ, որոնց համաձայն էական փոփոխություններ տեղի ունեցան Երաշխավորության տրամադրման ձևերում և հետագա ընթացակարգերում:

Երաշխավորի իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են, մասնավորապես՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 375-382 հոդվածներով, ՀՀ Կենտրոնական բանկի Կանոնակարգ 8/06-ով (Երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ), կնքված երաշխավորության պայմանագրով:

Երաշխավորությունը, ինչպես նախկինում, այնպես էլ տեղի ունեցած փոփոխոթյուններից հետո, տարանջատվում է ըստ հետևյալ ձևերի՝  համապարտ կամ սուբսիդիար պատասխանատվություն:

Կրել համապարտ պատասխանատվություն նշանակում է, որ Երաշխավորը Վարկառուի հետ համահավասար պայմաններում պատասխանատվություն է կրում վարկային պարտավորությունների համար:  Այս դեպքում վարկային կազմակերպությունը իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից /Վարկառու, Երաշխավորներ/ համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Այսինք, վարկային կազմակերպությունը կարող է պահանջ ներկայացնել և վարկի պարտքը գանձել միանգամից Երաշխավորից: 

Կրել սուբսիդիար պատասխանատվություն նշանակում է, որ վարկային կազմակերպությունը պետք է նախ պահանջ ներկայացնի Վարկառուին և սպառվի վարկառուի կողմից պահանջի բավարարման միջոցները (գրավ դրված գույք, Վարկառուի այլ գույք ու դրամական միջոցներ), և միայն դրանից հետո, վարկի պարտքը չմարվելու դեպքում, պահանջ ներկայացնի Երաշխավորին:

Վերը նշված փոփոխությունների արդյունքում սահմանվել է ֆիզիկական անձ երաշխավորների այն շրջանակը, որոնք կարող են ներգրավվել որպես համապարտ երաշխավոր: Դրանք հետևյալ են՝

1. Երաշխավորը և Վարկառուն նույն ընտանիքի անդամներ են: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, ծնողները, պապը, տատը, 18 տարին լրացած թոռը, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, 18 տարին լրացած քույրը, եղբայրն ու նրանց ամուսինները և 18 տարին լրացած նրանց զավակները.

2. Երաշխավորը Վարկառու իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ Վարկառու իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր է.

3. Երաշխավորը Վարկառու իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու է:

Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը.

4. Երաշխավորն ու Վարկառուն ունեն համատեղ գործունեության պայմանագիր, և երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության (համատեղ գործունեության պայմանագրի կատարման) համար են:

Համապարտ երաշխավոր լինելու հանգամանքը պետք է նշվի նաև երաշխավորության պայմանագրում:

Վերը չնշված մնացած բոլոր դեպքերում երաշխավորությունը պետք է լինի սուբսիդիար:   

Ինչ վերաբերում է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորին, ապա վերջիններս կրում են սուբսիդիար պատասխանատվություն, եթե համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով։

Թարմացված է` 11.12.2023 14:34