Մանրամասներ վարկային պատմության և սքորի մասին

Վարկային պատմության էությունն ու  կարևորությունը

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը:

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը կարևոր են, քանի բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է հաճախորդի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Հաճախորդի «վատ վարկային պատմությունը» հաճախ հանդիսանում է վարկավորման մերժման պատճառ:

Ինչպես է ձևավորվում վարկային  պատմությունը

Վարկային պատմությունը ձևավորվում է անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

  • դրանց քանակից և գումարից,
  • յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
  • ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը ձևավորվում է բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև՝ հանրային տվյալների բազաներից ՀՀ կառավարության սահմանած կարգով վարկային բյուրոյին անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրող պետական մարմինների կողմից Վարկային բյուրոյին տրամադրվող վարկային տեղեկատվության հիման վրա:

Ինչ տեսակի և ինչ վաղեմության տեղեկություններ է պարունակում վարկային պատմությունը /վարկային զեկույցը/ 

Հաճախորդների վարկային պատմության հավաքագրումը, մշակումը, պահպանումը, տրամադրումը, ինչպես նաև դրանց հիման վրա վարկային զեկույցի պատրաստման գործունեությունը իրականացնում է Վարկային բյուրոն՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն:

Վարկային զեկույցը պարունակում է վարկային տեղեկատվություն հաճախորդի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից վարկատու կազմակերպությունների նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները:

Սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու համար հաճախորդի կողմից իրականացվող քայլերը

Վարկային պատմության մեջ սխալների ու թերությունների հայտնաբերման դեպքում, հաճախորդը, իր վարկային պատմության պարզաբանման և ուղղման նպատակով կարող է այդ մասին տեղեկացնել Վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել այդ տեղեկատվությունը տրամադրող ֆինանսական կազմակերպությանը:

Վարկային սքորի էությունն ու կարևորությունը

Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու:

Վարկային սքորը տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես վարկային ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:

Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական:

Ինչ տեսակի վարկային սքոր է կիրառում «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ-ն

Ներկայումս «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկատեսակների որոշման կայացման կապակցությամբ սքոր գնահատականներ չեն կիրառվում։

Վարկային պատմությունը և սքորը բարելավելու համար, ինչպես նաև վարկային պատմությունն ու սքորը չվատթարացնելու համար հաճախորդի հնարավոր քայլերը

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը հնարավոր է բարելավել՝ շտկելով դրանք վատթարացնող հիմնական պատճառները, դրսևորելով պարտաճանաչ վարքագիծ և ճիշտ կառավարելով վարկային բեռը, այն համադրելով ընթացիկ եկամուտների հետ, մասնավորապես, հարկավոր է՝

  • առկայության դեպքում մարել ժամկետանց պարտավորությունները, ներառյալ երաշխավորությունների գծով առկա ժամկետանց պարտավորությունները,
  • թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը, առկայության դեպքում նվազեցնել գործող երաշխավորությունների քանակը և գումարը,
  • վարկերի գծով վճարումներն իրականացնել գրաֆիկին համապատասխան և թույլ չտալ դրանց գծով պարտավորությունների կատարման ուշացումներ,
  • վերահսկել գործող երաշխավորությունների գծով պատշաճ կարգով մարումների իրականացումը:
  • Վարկային պատմությունն ու սքորը չվատարացնելու նպատակով՝
  • թույլ չտալ ժամկետանց պարտավորությունների առաջացում,
  • առանց իրական անհրաժեշտության չներկայացնել ֆինանսավորող կազմակերպություններին նոր վարկի ստացման հայտեր, ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող հայտերը,
  • երաշխավորություն տրամադրելիս ուշադրություն դարձնել տվյալ անձի վարկային պատմությանը և վերջինիս վարքագծին՝ որպես վարկառու:


Վարկային պատմության և սքորի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ նաև, այցելելով հետևյալ կայքերը՝

www.abcfinance.am,  www.acra.am

 

Թարմացված է` 09.12.2024 16:57