Վարկի մարման ինչ ժամանակացույց ընտրել

Որպես կանոն, վարկատու կազմակերպությունները առաջարկում են վարկի և տոկոսագումարի ամսական վճարման երկու գրաֆիկ՝ անուիտետային կամ վարկի հավասարաչափ:

Անուիտետային գրաֆիկի դեպքում հաճախորդը յորաքանչյուր ամիս պարտավոր է վճարել անփոփոխ գումար, որը բաղկացած է վարկի մայր գումարից և տվյալ ամսվա համար հաշվարկված տոկոսագումարից:

Վարկի հավասարաչափ գրաֆիկի դեպքում հաճախորդը յուրաքանչյուր ամիս պարտավոր է վճարել վարկի մայր գումարի անփոփոխ գումար և տվյալ ամսվա համար հաշվարկված տոկոսագումարը: Այս եղանակի դեպքում յուրաքանչյուր ամիս վճարման ենթակա գումարը (մայր գումար և տոկոսագումար) փոփոխվում է՝ սկզբից ավելի մեծ է, հետո՝ նվազում է:

Դիտարկենք վերը նշվածը օրինակի վրա.

Դիցուք, տրամադրվել է 2.000.000 ՀՀ դրամ վարկ, տարեկան 18% անվանական տոկոսադրույքով, 36 ամիս մարման ժամկետով:

Վարկի անուիտետային գրաֆիկի դեպքում ամսավճարը (վարկի մայր գումար և տոկոսագումար) կկազմի 72.305 ՀՀ դրամ և կմնա անփոփոխ` վարկի սպասարկման ամբողջ ընթացքում:

Վարկի հավասարաչափ գրաֆիկի դեպքում առաջին ամսվա համար վճարման ենթակա գումարը կկազմի 85.556 ՀՀ դրամ, իսկ վերջին` 36-րդ ամսվա համար, վճարը կկազմի 56.389 ՀՀ դրամ:

Արդյունքում, վարկի անուիտետային գրաֆիկով վճարումները սահմանված ժամկետներում կատարելու դեպքում վճարված ընդհանուր տոկոսագումարը կկազմի 602.972 ՀՀ դրամ, իսկ վարկի հավասարաչափ գրաֆիկի դեպքում՝ 555.000 դրամ:

Վերը նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ վարկի անուիտետային վճարման դեպքում վարկի մայր գումարի հետվճարումը տեղի է ունենում ավելի փոքր գումարներով, քան վարկի հավասարաչափ վճարման եղանակի դեպքում:

Թարմացված է` 14.12.2018 14:16