Հաճախ են դեպքերը, երբ այլ անձինք դիմում են Ձեզ` իրենց կողմից ստացվելիք վարկը երաշխավորելու խնդրանքով:
Վարկը երաշխավորելու քայլին անհրաժեշտ է գնալ գիտակցված կերպով, ըմբռնելով, որ պահի ադեցության տակ «արված լավությունը» կարող է հետագայում բացասական հետևանքներ ունենալ Ձեր համար:
Եթե այնուամենայնիվ, ցանկություն ունեք երաշխավորելու տվյալ անձի վարկը, ապա նախքան բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելը, պարզեք վարկառուից վարկի մանրամասները՝ վարկատեսակը (տվյալ վարկը ապահովված է գրավով, թե առանց գրավի է), վարկի նպատակը, վարկի գումարը, ամսական վճարումների ակնկալվող չափը, ինչպես նաև տեղեկացեք, թե ինչ աղբյուրներից է վարկառուն պատրաստվում մարել վարկը և առաջին հերթին Դուք ինքներդ հավաստիացեք, որ վարկառու ունակ է մարել վարկը:
Եթե վարկառուի կողմից տրամադրված նախնական տեղեկատվությունը բավարարել է Ձեզ, ապա պետք է այցելեք բանկ կամ վարկային կազմակերպություն (ցանկալի է վարկառուի հետ)` վարկը երաշխավորելու մասին գրավոր հավաստիացում տրամադրելու համար:
Այստեղ պարտադիր կերպով ծանոթացեք ակնկալվող վարկի պայմաններին, պարզաբանեք Ձեզ հետաքրքրող հարցերը վարկային մասնագետի հետ և կայացրեք վարկը երաշխավորելու կշռադատված որոշում:
Մասնակցեք վարկավորման գործարքին հենց վարկի տրամադրման որոշումը կայացնելու պահից՝ պահանջեք, ստացեք և ուսումնասիրեք վարկի էական պայմանների անհատական թերթիկը (սպառողական և մինչև 2,0 մլն. դրամ գյուղատնտեսական վարկերի համար)՝ հետագայում երաշխավորության պայմանագիրը ստորագրելուց անակնկալի չգալու նպատակով:
Պայմանագրերը ստորագրելուց հետո պահանջեք և ստացեք վարկային (ներառյալ վարկի մարման ժամանակացույցը) և երաշխավորության պայմանագրերի Ձեր օրինակները:
Ընտրեք բանկի կամ վարկային կազմակերպության կողմից Ձեր հետ հաղորդակցման Ձեզ հարմար եղանակը:
Հիշեք՝ բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է տեղեկացնել Ձեզ վարկի սպասարկման ընթացքի մասին (վարկի հերթական վճարումից առաջ կամ վարկի գծով ուշացում տեղի ունենալու դեպքում), ուստի ձգտեք միշտ «հասանելի» լինել բանկի կամ վարկային կազմակերպության համար՝ հնարավոր անախորժություններից խուսափելու նպատակով:
