Ինչպես համեմատել տարբեր վարկատուների կողմից առաջարկվող վարկերի պայմանները
Բանկերն ու վարկային կազմակերպությունները, առաջարկելով տարբեր վարկատեսակներ, յուրովի են ներկայացնում դրանց պայմաններն ու պահանջները, որը շատ դեպքերում բարդացնում է հաճախորդի կողմից իր պահանջված վարկի ընտրությունը:
Ուստի՝
Նախ անհրաժեշտ է պարզել Ձեր համապատասխանությունը ակնկալվող վարկատեսակի նկատմամբ տարբեր վարկատուների կողմից ներկայացվող պահանջներին:
Օրինակ, հաճախորդի վարկային պատմության, եկամուտների ու դրանց չափի, ապահովման միջոցների (գրավ, երաշխավորություն), տարիքի և այլ չափանիշների նկատմամբ այս կամ այն վարկատեսակի շրջանակներում ներկայացվում են տարբեր պահանջներ, որոնց բավարարելու դեպքում է միայն հնարավոր հավակնել տվյալ վարկատեսակի շրջանակներում վարկի:
Կախված վարկատեսակի վերը նշված պահանջներից, ինչպես նաև ակնկալվող վարկի նպատակից (սպառողական, առևտրային, գյուղատնտեսական և այլն) վարկերի պայմանները (տոկոսադրույք, մարման ժամկետ, ծառայության վճարներ և այլն) խիստ տարբերվում են միմյանցից, ուստի անհրաժեշտ է միմյանց հետ համեմատել միայն նույնանման վարկատեսակների պայմանները:
Օրինակ,
A բանկը տրամադրում է ոսկու գրավով վարկեր`
— ոսկու գնահատված արժեքի 95%-ի չափով` 18%-ով,
— ոսկու գնահատված արժեքի 120%-ի չափով՝ 20%-ով,
B վարկային կազմակերպությունը, այլ հավասար պայմաններում, տրամադրում է ոսկու գրավով վարկեր`
— ոսկու գնահատված արժեքի 100-120%-ի դեպքում՝ 19%-ով:
Այս դեպքում անհրաժեշտ է համեմատել նույնանման վարկատեսակի տոկոսադրույքները (ոսկու գնահատված արժեքի 120%-ի դեպքը) և ոսկու գնահատված արժեքից բարձր վարկի հավակնելու դեպքում այցելել B վարկային կազմակերպություն, քանի որ նույնանման վարկատեսակը B վարկային կազմակերպությունը տրամադրում է ավելի ցածր տոկոսադրույքով:
Տրամադրվող վարկի արժույթը նույնպես էական է, քանի որ որպես կանոն արտարժույթով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը ավելի ցածր է, և հետևաբար, ավելի գայթակղիչ, սակայն անհրաժեշտ է հիշել, որ արտարժույթով տրամադրվող վարկերի արժութային ռիսկը կրում է հաճախորդը, իսկ երկարատև վարկերի (օրինակ՝ հիփոթեքային) դեպքում արտարժույթի տատանումները կարող են բերել վարկային բեռի (ՀՀ դրամով արտահայտված) էական ավելացմանը (թե վարկի մնացորդի, թե ամսական վճարումների):
Օրինակ,
A բանկը տրամադրում է հիփոթեքային վարկ`
— ԱՄՆ դոլարով՝ 11%-ով,
— ՀՀ դրամով՝ 14%-ով,
B վարկային կազմակերպությունը, այլ հավասար պայմաններում, տրամադրում է հիփոթեքային վարկ`
— ՀՀ դրամով` 13%-ով:
Այս դեպքում նախընտրելի է, որ ՀՀ դրամով եկամուտներ ունեցող հաճախորդը այցելի B վարկային կազմակերպություն:
Վարկերի պայմաններում առկա են պայմաններ, օրինակ՝ ծառայության միանվագ և ամսական վճարներ, տույժեր, այդ թվում՝ վարկի ժամկետից շուտ մարման համար, որոնց հաճախորդը վարկի պայմանները համեմատելիս մեծ ուշադրություն չի դարձնում, սակայն իրականում դրանք կարող են էականորեն ավելացնել հաճախորդի ամսական վճարումների չափը և փաստացի տոկոսադրույքը:
Պետք է նաև հաշվի առնել, որ եթե վարկի պայմաններում առկա է ծառայության ամսական վճար, ապա այդ վճարի ամսական գումարը, որպես կանոն, սահմանվում է որպես հաստատուն թիվ և ի տարբերություն տոկոսագումարի, չի նվազում վարկի մնացորդի մարման հետ համաչափ:
Օրինակ,
A բանկը տրամադրում է առանց գրավի վարկ՝ տարեկան 20% տոկոսադրույքով և ամսական ծառայության վճարով՝ տրված վարկի գումարի 0,5%-ի չափով
B վարկային կազմակերպությունը տրամադրում է առանց գրավի վարկ, այլ հավասար պայմաններում, տարեկան 23% տոկոսադրույքով:
Այս դեպքում նախընտրելի է այցելել B վարկային կազմակերպություն, քանի որ տվյալ վարկի փաստացի տոկոսադրույքը ավելի ցածր է:
